Կոսովոյի սերբերն ազդարարել են լայնամասշտաբ քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկը
Կոսովոյի սերբերը հայտարարել են զանգվածային լայնամասշտաբ քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին: Նման որոշում է կայացվել այսօր Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում կայացած ցույցի ժամանակ, որին ավելի քան 5 հազար մարդ է մասնակցել, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ցուցարարները նաև հայտարարություն են ընդունել ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության կառուցվածքին ինտեգրվելու դեմ:
Փաստաթղթում մերժվում են նախկինում Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչների միջև երկխոսության ժամանակ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները:
«Ոչ ոք իրավասու չէ փոխել սահմանադրա-իրավական կարգը և սահման և մաքսային անցակետեր դնել Սերբիայի և Կոսովոյի միջև», - ասվում է հայտարարության մեջ:
Ակցիայի մասնակիցները, որը անցնում էր «Ոչ բրյուսելյան խաբեությանը» կարգախոսով, սպառնացել են վերսկսել բարիկադների կառուցումը մայրուղիների վրա, որոնք տանում են դեպի մարզի հյուսիս:
Ցուցարարները նաև պահանջել են Սերբիայի սահմանադրական դատարանից իրավական գնահատական տալ Բելգրադի և Պրիշտինայի համաձայնություններին և որոշել, թե արդյոք դրանք չեն հակասում երկրի սահմանադրությանը:
«Մենք նաև անվերապահորեն պահանջում ենք անհապաղ դադարեցնել հետագա բանակցությունները և Սերբիային պարտադրված և նրա համար վնասակար համաձայնագրերի ընդունումը», - ասվում է փաստաթղթում:
Ցուցարարները կոչով դիմել են միջազգային հանրությանը` անհապաղ գտնել և պատժել կոսովցի սերբերի դեմ վերջին հարձակումներ կատարած և ուղղափառ գերեզմանոցներն ու եկեղեցիները պղծած անձանց:










