Չարենցավանում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել իջեցնել կուսակցական դրոշները

15:33 • 31.01.13

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր, որտեղ չարենցավանցիներին կոչ արեց իջեցնել կուսակցական դրոշները, քանի որ հայերն ունեն մեկ դրոշ, և դա Հայաստանն է:


Քարոզարշավի տասներորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումն իր քարոզարշավային նրբերանգներով չէր տարբերվում մյուս օրերից. «Ժառանգության» նախագահը սովորականի նման շրջում էր Չարենցավանի փողոցներով, ողջունում էր և ձեռքով բարևում անցորդներին: Քարոզարշավի շրջանակում թեկնածուն նույնիսկ հասցրեց առևտուր անել սննդի փոքր մի կետից:


«Սա իմ կամ պարոն Սարգսյանի պայքարը չէ, սա ժողովրդի պայքարն է. ինձանից կամ պարոն Սարգսյանից ավելի բարձր է ՀՀ քաղաքացին»,- հավաքված չարենցավանցիների առջև ելույթ ունենալով ասաց ՀՀ նախագահի թեկնածուն և կոչ արեց ընտրել իրեն:


Րաֆֆի Հովհաննիսյանը չարենցավանցիներին խոստացավ հիսուն տոկոսով բարձրացնել թոշակները, նույն չափով՝ ընտանիքի եկամուտներն ու կենսամակարդակը: Եվ նաև իր օրինակով ցույց տալ, թե կոռուպցիան ինչպես կարող է նվազել:


Նա նաև խոստացավ, որ հինգ տարվա ընթացքում կանի այնպես, որ չարենցավանցիների բոլոր արտագաղթած հարազատները վերադառնան հայրենիք, ինչի արդյունքում թեկնածուի ձևակերպմամբ՝ «կունենանք ոչ թե պարտադրանքի, այլ ազատ Հայաստան»:


Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելով ժողովրդին ասաց. «Եվ թող հինգ տարի հետո Չարենցավանից մի նոր սերունդ գա ծառայելու մեր ժողովրդին»:


Ելույթից ու Չարենցավանի փողոցներում զբոսնելուց հետո թեկնածուն և ուղեկցող քաղաքական թիմը ուղևորվեցին դեպի հիվանդանոց: