ՀԱՀ-ի ամենահարուստ մարդն իր կարողության կեսը կնվիրաբերի աղքատների օգնության հիմնադրամին
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ամենահարուստ մարդը՝ Պատրիս Մոտսեպեն, որոշել է իր կարողության կեսը նվիրաբերել աղքատների օգնության հիմնադրամին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Այդ միջոցները 51-ամյա գործարարը, ում կարողությունն ամերիկյան Forbes ամսագիրը գնահատել է 2.65 մլրդ դոլար, կուղղի իր ընտանիքի կողմից ստեղծված հիմնադրամ, որը նախատեսված է աղքատների, սահմանափակ կարողություններով մարդկանց, կանանց և երեխաների կյանքի պայմանների բարելավմանը։
Մոտսեպեն հայտնել է, որ այդպիսով նա արձագանքել է Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆետի կոչերին, ովքեր հանդես են եկել «Օգնության խոստում» նախաձեռնությամբ։ Ամերիկացի միլիարդատերերն առաջարկել են երկրագնդի հարուստ մարդկանց իրենց միջոցների մի մասը նվիրաբերել բարեգործական նպատակներով։
Մոտսեպեն առաջին մարդն է Աֆրիկայում, ով հետևել է Գեյթսի և Բաֆետի օրինակին, իսկ ամբողջ աշխարհում նման մարդիկ 70-ից ավելի են։










