Հասարակության 95,3%-ը բջջային կապի և ինտերնետի ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրել. Կառավարություն
Շուտով առանձին կայքում հասարակությունը հնարավորություն կունենա տեսնել Կառավարության գործունեության վերաբերյալ հենց նույն հասարակության կարծիքի գնահատականի ամփոփումը: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտնելով, որ Կառավարության գործունեության վերաբերյալ ցուցանիշները կազմվել են իրականացված հարցումների հիման վրա:
Ըստ այդ հարցումների հարցված քաղաքացիների 95,3%-ը բջջային կապի և ինտերնետի ոլորտում կատարված փոփոխությունները դրական են գնահատել՝ նշելով, որ այս ոլորտում կան ակնհայտ դրական տեղաշարժեր:
«Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ՝ 82,4%, երրորդ անձի ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել հասարակությունում, և եղել է նաև լուրջ քննադատություն, բայց հասարակության մեջ այն դրական արձագանք է ստացել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Հարցման երրորդ ոլորտը, որի գործունեությունը հարցվածների 65,1%-ը դրական է գնահատում, վերաբերում է կադաստրի աշխատանքին:
Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատրաստ է խոշոր ձեռնարկությունների տարեկան հաշվետվությունը։
«Երեք տարի առաջ ՀՀ-ում օրենսդրորեն սահմանվեց, որ խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական վիճակի վերաբերյալ: 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ հրապարկել են տեղեկատվությունը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ կան տասնյակ ձեռնարկություններ, որտեղ աուդիտորական ընկերությունները բացթողումներ են արձանագրել, իսկ դա նշանակում է, որ նրանք ստուգումների մասով հայտնվելու են ռիսկային գոտում, և նրանց նկատմամբ վերահսկողությունը ավելի խիստ է լինելու, քան այն ձեռնարկությունները, ուր աուդիտ ստուգումների արդյունքում խնդիրներ չեն արձանագրվել:










