«Ռուսաստանի Ձայնը» քաղաքական դրդապատճառներով խզել է «Ռադիո Հայի» հետ պայմանագիրը

11:43 • 31.01.13

«Ռուսաստանի Ձայն» ռադիոկայանը քաղաքական դրդապատճառներով խզել է «Ռադիո Հայի» հետ պայմանագիրը: Ռուսական ռադիոընկերությունը գրություն է ուղարկել «Ռադիո Հային»՝ նշելով, որ քաղաքական պատճառներով դադարեցնում են մոտ ամիսուկես առաջ՝ ողջ տարվա համար կնքված պայմանագիրը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռադիոկայանի փոխտնօրեն Վարուժան Գաբրիելյանը:


«Իրենք պարզաբանեցին, որ քանի որ ռադիոկայանի սեփականատերը (նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը –Tert.am) մասնակցում է քաղաքական գործընթացների, հացադուլ է անում ընդդեմ ընտրությունների, իրե՛նց մեկնաբանությամբ, դրա համար դադարեցնում են»,- ասաց Վարուժան Գաբրիելյանը:


«Ռադիո Հայն» ու «Ռուսաստանի ձայնը» առաջին տարին չէ, որ համագործակցում են: «Ռուսաստանի ձայնը» մասնավոր ընկերություն չէ և հանդիսանում է ՌԴ հանրային ռադիոն:


«Ռադիո Հայ» ընկերությունն էլ հայտնում է, որ 2013թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է «Ռուսաստանի Ձայն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում:


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից՝ հունվարի 21-ից, դիմել է հացադուլի և պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։