ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հարաբերություններում «լավ նորություններ են սպասվում». Ռասմուսեն

16:14 • 31.01.13

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում 2013թ.-ին «լավ նորություններ են սպասվում». ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

 

«Ես լավ լուրեր եմ սպասում 2013թ.-ին։ Մենք ընդունել են ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության համակողմանի ծրագիր, որը մի շարք նոր տարրեր է պարունակում»,-ասել է նա։

 

Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանության համակարգերին, Ռասմուսենը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Հյուսիսատլանտյան դաշինքը կկարողանան հասնել առաջընթացի այդ բանակցություններում։

«Դրան նպաստում է անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում և ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի հստակեցումը»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունների անցկացումն այս երկու երկրներում։

 

Նա հիշեցրել է, որ 2010 թ.-ին Լիսաբոնում կայացած Ռուսաստան- ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանին ՀՕՊ համակարգերի շուրջ համագործակցության առաջարկություն էր արվել։

«Այդ հրավերն այժմ էլ ուժի մեջ է։ Ես հավատում եմ, որ նման համագործակցությունը լիովին համընկնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ժողովուրդների շահերին»,-ասել է Ռասմուսենը։