Շվեդիայում դատում են սեքսի ժամանակ զուգընկերուհուն տանջամահ արած տղամարդուն
Շվեդ տղամարդը սեռական հարաբերության ժամանակ տանջամահ է արել զուգընկերուհուն: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, այսօր մեկնարկել է էրոտիկ խաղերի զոհ դարձած կնոջ գործով դատավարությունը:
Դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ: 28-ամյա գերմանուհին հիվանդանոց էր տեղափոխվել մահամերձ վիճակում. բերանում խցոց էր եղել, ձեռքերը նեյլոնե զուգագուլպաներով ու պահպանակներով կապկպված, մարմնի վրա մի քանի տասնյակ կապտուկ:
Շվեդ տղամարդը լրատվամիջոցներին պատմել է, որ սեքսում «սադոմազոխիզմի տարրեր» մտցնել առաջարկել է զուգընկերուհին. գերմանուհուն ոգեշնչել էր «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ գիրքը, եւ նա ցանկացել էր կյանք կոչել դրա դրվագներից մի քանիսը: Աղջիկը համաձայնել էր լինել սեքս-ստրկուհու դերում ու զուգընկերոջը խնդրել էր ցուցափայտով հարվածել իրեն:
Տղամարդը, տարվելով «խաղով», չէր նկատել, որ հարվածներից զուգընկերուհին կորցնում է գիտակցությունը: Ուշքի էր եկել, երբ արդեն ուշ էր: Կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր:
Քննիչները պարզել են նաեւ, որ սուր զգացողությունների սիրահար զույգը «վտանգավոր խաղերից» առաջ թմրանյութ է օգտագործել:










