Այսօր չարչարվենք, քրտինք թափենք, որ վաղը արյուն չթափվի. Սեյրան Օհանյանի կոչն ուսանողներին

16:27 • 01.02.13

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամներն այսօր «Սինոփսիս-Արմենիայի» գիտա-արտադրական կենտրոնում հյուրընկալեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։


«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել մարդկանց հետ, ովքեր մեր Հայաստանի, մեր ժողովրդի ապագան են և մեր գիտա-կրթական համակարգի ձևավորողները»,- ասաց նախարարը։


Անդրադառնալով 2012-ին՝ նա ասաց, որ այն լարված տարի կարելի է համարել, քանի որ այդ լարվածությունը զուգորդվեց ոչ միայն կրակոցներով, այլև դիվերսիոն գործողություններով, ու թեև մենք ունեցանք կորուստներ, սակայն կարողացանք անհամաչափ պատասխաններ տալ և պատժել հակառակորդին։


«Մեր երիտասարդներն ավելի գրագետ են լինելու, ավելի բանիմաց, ավելի լայն աշխարհայացքով, և անհրաժեշտության դեպքում, ավելի գրագետ, ավելի բանիմաց մարդիկ ավելի լավ են պաշտպանում հայրենիքը։ Միայն դրա համար բոլորս այսօր միասին պետք է չարչարվենք, քրտինք թափենք, որ վաղը արյուն չթափվի»,- ասաց նախարարը և հավելեց.
«Մեր գերակա խնդիրը մնում է ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումը»։


Արդեն երկու տարի է ինչ «Հաղթողների ակումբը» պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ինչպես ՏՏ ոլորտի, այնպես էլ հասարակական, տնտեսական, քաղաքական և այլ բնագավառների ներկայացուցիչների հետ։


Նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը ավանդական հանդիպումների շարքում 15-րդ էր։

 

Այսօր չարչարվենք, քրտինք թափենք, որ վաղը արյուն չթափվի. Սեյրան Օհանյանի կոչն ուսանողներին