Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական հարց է. նախընտրական շտաբի անդամ
Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ որևէ մեկին չի տեսել և որևէ կասկած չի հայտնել այն մասին, թե ով կամ ովքեր կարող էին իր վրա կրակել, որովհետև կրակողը եղել է իր հետևում, Tert.am –ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը՝ ավելացնելով, որ մահափորձը քաղաքական նպատակ է հետապնդում։
«Կրակողը եղել է իր հետևը, ինքը չի տեսել»,- ասաց նա և պատասխան հարցի, թե Պարույր Հայրիկյանը վարկածներ չի՞ հայտնել, ասաց.«Կոնկրետ մի բան կարող եմ ասել, որ այստեղ անձնական հարց չկա կամ կենցաղային: Սա ամբողջովին քաղաքական է: Թե ո՞ւմ համար էր օգտակար, ո՞վ է արել, արդեն սա, հուսով ենք, ոստիկանները կպարզեն»:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան այցելել են ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան հարցի, թե Պարույր Հայրիկյանը գտնո՞ւմ է, որ կան իր քարոզարշավի համար անհաղթահարելի խոչընդոտներ, ինչը նշանակում է, որ նախագահի ընտրությունները կարող են տասնհինգ օրով հետաձգվել, Կարո Եղնուկյանը մեջբերեց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, որը երեկ Պարույր Հայրիկյանին այցելելուց հետո տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի թեկնածուն իրեն ասել է, որ «ես պիտի շարունակեմ»: Բայց անձամբ իրեն Պարույր Հայրիկյանը նման բան չի հայտնել:
Հիշեցնենք, որ երեկ Պարույր Հայրիկյանին այցելած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել էր, որ եթե Պարույր Հայրիկյանը հայտնի, որ չի կարող շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կհետաձգվեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Tert.am –ին ի պատասխան հարցի, թե նախատեսվա՞ծ է արտահերթ նիստ, հայտնեց, որ այո, բայց դա վերաբերում է վերստուգիչ հանձնաժողովին: Իսկ կոնկրետ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հարցով քննարկում լինելո՞ւ է , թե՞ ոչ, կտեղեկացվի ավելի ուշ:










