Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը կասեցված է

14:31 • 01.02.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը։


Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդիրը: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից այժմ ամբողջովին կասեցված է բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է խնդրի լուծման օրենսդրական լուծումներն ու ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները:

 

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի «Հանրապետության քիմիական արտադրության հզորությունների գույքագրում, առկա ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի գնահատում» զեկույցին: Հանձնարարվել է ոլորտի շուրջ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն, որից հետո քննարկել բնագավառի զարգացման հնարավորություններն ու միջոցները:


Խորհրդի քննարկմանն է ներկայացվել «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի զարգացման ծրագիրը:


Նիստում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ այլ հարցերի:

 

Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը կասեցված է