Մյունխենում մեկնարկում է անվտանգության քաղաքականության միջազգային համաժողովը

11:09 • 01.02.13

Գերմանական Մյունխեն քաղաքում այսօր մեկնարկում է Անվտանգության քաղաքականության  հարցերով Մյունխենի 49-րդ միջազգային համաժողովը, որին կմասնակցի շուրջ 400 քաղաքական գործիչ, այդ թվում նաև տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ և 50-ից ավելի պաշտպանության և արտգործնախարարներ, գիտական և գործարար շրջանակների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, մասնակիցների թվում են ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Իրանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ալի Աքբար Սալեհին և Գիդո Վեսթերվելլեն։

 

Արդեն հայտնի է, որ համաժողովի առանցքային թեմաներն են լինելու Սիրիայի և Մալիի հակամարտությունները, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Համաժողովի անվտանգությունը կապահովի մոտ 3,4 հազար իրավապահ, սակայն նախատեսվում է, որ հակագլոբալիստներն ու հակառազմական շաժումների անդամները ցույցեր կանցկացնեն։ 

Մյունխենյան համաժողովը հիմնվել է 1962 թ., գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստոնի կողմից։