Հայրիկյանին տեղափոխել են վիրահատարան՝ հրազենային գնդակը հեռացնելու

10:58 • 01.02.13

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը րոպեներ անց կվիրահատվի, որպեսզի հեռացնեն հրազենի գնդակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով եկել էր այցելելու Հայրիկյանին: Այստեղ էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:


«Սա հարված էր ոչ թե Պարույր Հայրիկյանին, այլ պետականությանը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ եթե հարկ լինի հետաձգել ընտրությունների օրը, ինքը պատրաստ է սպասել այնքան, մինչև որ Հայրիկյանը լիովին ապաքինվի:


Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան այցելել են ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: