270 աստիճանով պտտել գլուխը և չսատկել. գիտնականները բացահայտել են բվերի առեղծվածը
Ինչպե՞ս է բուն կարողանում երկու կողմերով գլուխը պտտել մինչև 270 աստիճան՝ առողջությանն առանց որևէ վնասի, այսինքն՝ առանց ող կոտրելու, արյան հոսքին խոչընդոտելու, պարանոցի և գլխի արյան անոթները վնասելու: Այս առեղծվածը բացահայտել են ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի վիզուալ անատոմիայի մասնագետները և կենսաբանները, հայտնում է Gazeta-ն՝ իր «Ինչու անտառները պատված չեն բվերի դիակներով» հոդվածով:
Մի շարք գիտափորձերի միջոցով Ֆաբիան դը Կոկ-Մերկադոյի ղեկավարած մասնագետների խումբը եկել է կոնկրետ եզրակացության: Այս առիթով գիտական նյութ պատրաստած Ֆիլիպ Գեյլվուդը նկատում է, որ «մարդկանց վնասվածքների հետ գործ ունեցած բժիշկներին վաղ թե ուշ մտահոգում է հարցը՝ ինչու անտառները մինչև հիմա պատված չեն արնազեղումից սատկած բվերի դիակներով», այն դեպքում, երբ մարդկանց ու կենդանիների քներակներն ու շնչերակներն առհասարակ շատ զգայուն ու փխրուն են:
Հայտնի է, որ գլխի կամ պարանոցի կտրուկ շարժումները կարող են անոթների ձգումներ և թրոմբերի գոյացումներ առաջացնել, որոնք մահացու խցանում կամ կաթված են առաջացնում:
Իրենց գիտափորձերում նշվածից բացառություն կազմող բվերի օգտագործելով (այդ թվում՝ և սատկած)՝ գիտնականները պարզել են, որ ծնոտոսկրի տակով, այսինքն՝ գլխի հիմքով անցնող անոթները լայնանում են արյան հոսքին համապատասխան: Նման ճկունությունը, որը բնորոշ չէ մարդու անոթներին, թույլ է տալիս բվերին գլխի կտրուկ շրջումների դեպքում արյան լրացուցիչ ծավալ հավաքել, որն անհրաժեշտ է ուղեղն ու աչքերն արյունով ապահովելու համար: Արյան ավելցուկը բաշխվում է նաև ավելի մանր ու փոխկապակցված անոթների միջև, որոնք շրջապատում են հիմնական անոթները:
Բվերի առեղծվածը բացատրվում է նաև նրանց այնպիսի անատոմիական առանձնահատկությամբ, ինչպիսին է ողների հատուկ կառուցվածքը. պարզվել է՝ ողի այն անցքի տրամագիծը, որով անցնում է ուղեղին արյուն մատակարարող մեծ անոթներից մեկը, 10 անգամ գերազանցում է բուն անոթի տրամագիծը, ինչը կանխում է անոթի սեղմումը գլխի կտրուկ շարժումների դեպքում: Մարդու դեպքում լրիվ հակառակն է. մեր պարանոցի ողների անցքերը նեղ, անոթները սեղմող անցքեր են:
Դրանից բացի, բվերի ողնաշարային շնչերակը պարանոցի հատված է մտնում ոչ թե 14-րդ, այլ 12-րդ ողի միջոցով, այսինքն՝ ավելի բարձր, քան մնացած թռչունների դեպքում, ինչը ևս լրացուցիչ ազատություն է հաղորդում կտրուկ շարժումների դեպքում:
Գլխի շրջումներով ռեկորդակիր այս թռչուններից հետո գիտնականները կզբաղվեն բազեների առեղծվածով:










