Շեյխմոբիլ. ինչ է ստացել Կատարի էմիրի որդին 3,5 մլն դոլարի դիմաց (լուսանկարներ)

17:37 • 01.02.13

Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա ալ-Թանիի (ի դեպ, աշխարհի ամենահարուստ միապետներից մեկի) որդիներից Ջավաբ բին Համադը կդառնա աշխարհի ամենաթանկ մեքենայի տերը, հայտնում է Коммерсант-ը:

 

Խոսքը Lykan Hypersport-ի մասին է, որի արժեքն է 2,3 մլն ֆունտ՝ մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլար: Առաջին անգամ այդ մեքենան ցուցադրվել էր Կատարում միջազգային ավտոշոուի ժամանակ: Սա համարվում է ամենաշքեղ արաբական մեքենաներից, թողարկված է լիբանանյան W Motors ընկերության կողմից: Միջին Արևելքում պատրաստված այս մեքենան իր գնով գերազանցում է հանրահայտ Bugatti Veyron-ը:

 

Մեծահարուստ արաբները համարվում են այնպիսի շքեղ ավտոապրանքանիշերի հիմնական սպառողներ, ինչպիսիք են Lamborghini-ն, Ferrari, Porsche-ն, Bugatti-ն և Aston Martin-ը:

 

Lykan Hypersport-ն ունի տափակ վեցագլան Twin Turbo շարժիչ՝ 750 ձիաուժ հզորությամբ: Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը 404 կմ/ժ է:

 

Մեքենան աչքի է ընկնում արտասովոր դիզայնով՝ երկար ուրվագծեր, չափազանց ցածր տանիք՝ այնպիսին, ինչպիսի տեսք ունենալու են եվրոպական սուպերմեքենաները 5 տարի անց՝ ըստ կանխատեսումների: Մասնագետները աշխարհի ամենաթանկ մեքենայի վրա նկատել են Audi R8-ի և Lamborghini Aventador-ի ազդեցությունները:

 

Մեքենայի ինտերիերում ադամանդ, ոսկի ու պլատին կա, ապակիները շափյուղայապատ են, լուսարձակները՝ ադամանդակուռ: Կլինի նաև հոլոգրաֆիկ էկրան և 200 դոլար արժողությամբ Cyrus Klepcy ձեռքի ժամացույց:

Աղբյուրը նշում է, որ այս մեքենան վաճառքում կհայտնվի այս տարի: Թե ինչ ծավալներով, հայտնի չէ, սակայն պարզ է, որ դրա համեմատ Ferrari-ի ու Lamborghini-ի վերջին մոդելները կթվան ինչ-որ թերի մեքենաներ աղքատ եվրոպացիների համար:
 

Շեյխմոբիլ. ինչ է ստացել Կատարի էմիրի որդին 3,5 մլն դոլարի դիմաց (լուսանկարներ)