«Ընկերոջը դաստիարակելու» հավելվածը սկանդալի պատճառ է դարձել

13:46 • 02.02.13

iOs և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Boyfriend Trainer բջջային անվճար խաղի թողարկումից հետո իրական սկանդալ է սկսվել, գրում է Вести-ն։

Խաղում կարելի է ընկերոջը հոսանքահարել, թունավորել նրան գազով և ամեն կերպ նվաստացնել։ Տղամարդիկ վրդովված են. չէ՞ որ եթե խաղում նման կերպ ծաղրեին կանանց, այն, հավանաբար, չէր հայտնվի AppStore-ում։

 

Խաղի անվանումից պարզ է, որ դրա հիմնական նպատակը տղային «դաստիարակելն է»։ Խաղացողը պետք է ամենատարբեր միջոցներով պատժի տղային «սարսափելի» արարքների համար՝ հատակին նետված իրերի, մեկ այլ աղջկա ուղղությամբ ակնթարթային հայացքի և այլն։

 

Բջջային խաղերը, որոնցում կարելի է նվաստացնել կանանց, Apple-ը միանշանակ արգելափակում է։ Իհարկե, խաղն ընդամենը կատակ է, իսկ դրանում բռնությունը՝ ոչ լուրջ։ Սակայն չի կարելի բացառել այն, որ երեխաները կարող են խաղն ընկալել որպես «ընտանեկան կյանքի էթիկայի կամ հոգեբանության» ձեռնարկ։

 

Չնայած որ Apple-ը խիստ դիրքորոշում ունի խաղերում բռնությունների նկատմամբ, սակայն ընկերությունը դեռևս անտեսում է տվյալ խաղի վարկանիշը վերանայելու պահանջները։ Խնդրին ուշադրություն չի դարձնում նաև Google ընկերությունը։ Հավելվածի մեկնաբանություններում օգտատերերի հսկայական քանակությամբ բացասական արձագանքներ կան։ Սակայն այն մշակողներին դա չի անհանգստացնում, նրանք պատրաստվում են թողարկել նմանատիպ մեկ այլ խաղ, որտեղ արդեն տղան պետք է «դաստիարակի» իր ընկերուհուն։
 

«Ընկերոջը դաստիարակելու» հավելվածը սկանդալի պատճառ է դարձել