Իրանը ներկայացրել է «ռադարների համար քիչ նկատելի» նոր Qaher-313 կործանիչը (տեսանյութ)
Իրանը իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձի նախօրեին ցուցադրել է իր նոր Qaher-313 կործանիչը, որը, իշխանությունների խոսքերով՝ ավելի քիչ նկատելի է ռադարների համար. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրանական IRNA-ի հղումով։
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքերով՝ կործանիչի ստեղծմանը բացառապես մասնակցել են իրանցի մասնագետները։ «Ինքնաթիռն ամբողջությամբ հայրենական արտադրության է»,-ասել է նա։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Qaher-313-ը համարել է աշխարհում ամենազարգացած թռչող սարքերից մեկը՝ նշելով, որ դրա օդաչուները լիովին բավարարված են նոր կործանիչով։
Նախագահը նշել է, որ Qaher-313-ը պաշտպանական նախագիծ է՝ հավելելով, որ Իրանը մտադիր չէ դրանով հարձակումներ իրականացնել։
Qaher-313-ը, որի լուսանկարները հրապարակվել են երեկ, հնարավորություն ունի վայրէջք կատարել կարճ թռիչքուղում, ինչպես նաև այն հնարավոր է արագ և հեշտությամբ վերանորոգել։










