Twitter-ի վրա իրականացված հաքերային հարձակման հետևանքով քառորդ միլիոն օգտատերերի գաղտնաբառեր վերբեռնվել են
Հանրածանոթ Twitter միկրոբլոգային ցանցը խոստովանել է, որ հզոր հաքերային հարձակման հետևանքով ստիպված է եղել իր շուրջ քառորդ միլիոն օգտատերերի գաղտաբառերը վերբեռնել. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Այժմ ինտերնետ-ռեսուրսը էլեկտրոնային փոստով կզգուշացնի իր բոլոր այն օդտատերերին, ովքեր դարձել են հարձակման զոհ և կառաջարկի փոխել գաղտնաբառը։
Փորձագետների խոսքերով, սակայն, կիբեռհանցագործները կարողացել են ստանալ շատ կարևոր տեղեկատվություն, քանի որ շատ մարդիկ նույն գաղտնաբառն են օգտագործում թե՛ Twitter-ում, թե՛ այլ կայքերում՝ օրինակ բանկային հաշիվների վերահսկման համար։
Բացի այդ՝ կա վտանգ, որ հարձակման հետևանքով ցանցահենները կարողացել են մտնել կազմակերպության «ներքին ցանց»., ինչը վտանգի տակ է դնում նաև այլ տեղեկատվություն։
Twitter ընկերությունը, սակայն, չի շտապում վերջնական եզրակացություններ անել. ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ հետաքննությունը շարունակվում է։
«Այս հարձակումը սիրողական մակարդակով չի արվել, և մենք կարծում ենք, որ միակ միջադեպը չէ։ Մենք ենթադրում ենք, որ այլ կազմակերպություններ և ընկերություններ վերջին շրջանում ենթարկվել են նման հարձակումների»,- ասել է Twitter-ի տեղեկատվական անվտանգության բաժնի տնօրեն Բոբ Լորդը։
Նա հիշեցրել է վերջին օրերին ԱՄՆ խոշոր ընկերությունների դեմ իրականացված հարձակումները՝ այդ թվում The New York Times և The Wall Street Joural թերթերի համակարգերի վրա։










