Bristol մակնիշը կվերածնվի էլեկտրական մոդելների ներդրմամբ
Բրիտանական ավտոարդյունաբերությունը մշտապես առանձնանում էր փոքր, սակայն բացառիկ մեքենաներ արտադրող ընկերություններով: Դրանցից մեկն է Bristol Cars-ը, որը վերջերս սնանկացել էր, սակայն այժմ վերականգնվել է և պատրաստվում է սպորտային շքեղ մեքենաներ արտադրել` այն էլ հիբրիդային:
Bristol ապրանքանիշով առաջին ավտոմեքենաները լուս աշխարհ են եկել 1946թ.: Հենց այդ ժամանակ ավիաշինական Bristol Aeroplane Company-ն ստեղծեց իր ավտոմոբիլային ստորաբաժանումը:
Փոփոխական հաջողություններով մինչև 2011թ. Bristol Cars-ը փոքրածավալ սպորտային մեքենաներ էր արտադրում, սկզբում օգտագործելով BMW-ի, իսկ հետո General Motors-ի շարժիչները: Bristol-ի վերջին մոդելներից մեկը նույնիսկ համալրվել էր Dodge Viper-ի հսկայական V10 շարժիչով, որը բրիտանական կատարելագործումից հետո ավելի քան 1000 ձիաուժ հզորություն է ապահովում:
Bristol Cars-ը 2011թ. սկզբին հայտարարեց իր սնանկացման մասին և գնվեց շվեյցարական Kamkorp Autocraft -ի կողմից, որի ղեկավարությունը որոշում կայացրեց առավել էկոլոգիական մեքենաներ ստեղծելու մասին:
Այս տարի բրիտանացիները պատրաստվում են ներկայացնել իրենց նոր ստեղծագործությունը, որտեղ ներքին այրման շարժիչ դեռ կլինի, սակայն կաշխատի բացառապես որպես էլեկտրականության գեներատոր: Մեքենան շարժման մեջ կդնեն միայն էլեկտրական շարժիչները, իսկ մարտկոցների լիցքի նվազման դեպքում դրանք կլիցքավորվեն ներքին այրման շարժիչով:
Մեքենայի տեխնիկական մանրամասները դեռ գաղտնի են: Սակայն Bristol ընկերության հետ միևնույն խմբի մեջ մտնող Frazer-Nash ընկերության մասնագետները ներկայացրել էին մի նախատիպ, որը 4 էլեկտրաշարժիչ ունի, իսկ վերալիցքավորման համար ռոտորային շարժիչ է օգտագործում:
Այդ մեքենան, ամենայն հավանականությամբ, կլինի Bristol-ի ապագա մոդելային շարքում, սակայն դիզայնի հարցում բիրտանացիները նախընտրել են պատվեր տալ անկախ ստուդիային: Բացառված չէ, որ մեքենայի դիզայնը կիրականացնի հայտնի ItalDesign ստուդիան:










