Curiosity-ն հորատման աշխատանքներ է սկսել Մարսի վրա

10:42 • 04.02.13

Ամերիկյան օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը, որն իրենից շարժական փոքր լաբորատորիա է ներկայացնում, արդեն սկսել է հորատման աշխատանքները Մարսի մակերևույթի վրա, հայտնում է BBC-ն։

 

Կարճ ժամանակում գայլիկոնը (сверло) Գեյլ հրաբխային խառնարանում կտրել-պոկել է կարծր ապարի մի մասնիկ։
Հորատման ողջ գործընթացը ՆԱՍԱ-ի մասնագետները բաժանել են մի քանի փուլերի. աշխատանքներից առաջ մասնագետները պետք է համոզվեն, որ հորատման համար ընտրված ապարը և բուն գործիքը համապատասխանում են իրենց չափանիշներին։

 

Եթե մասնագետները տվյալ ապարը հարմար են գտնում հետագա ուսումնասիրությունների համար, ապա դրանում մի քանի փորձնական հանքահորեր են փորվում՝ օգտագործելով Curiosity-ի գործիքները։ Այնուհետև հանված նմուշը մանրացվում է և մանրազնին հետազոտության ենթարկվում մարսագնացի լաբորատորիայում։

 

Անցած տարվա օգոստոսի 6-ին Մարսի վրա վայրէջք կատարած սարքի նպատակն է՝ պարզել, թե արդյոք Կարմիր մոլորակի վրա ժամանակին եղե՞լ են այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց դեպքում Մարսի վրա կյանք է գոյություն ունեցել։

 Ստորև ներկայացված լուսանկարում կարելի է տեսնել Գեյլ խառնարանի մի հատվածը հորատումից առաջ և հետո։

Curiosity-ն հորատման աշխատանքներ է սկսել Մարսի վրա