Կորեայում պայթել է Samsung սմարթֆոնը, իսկ ԱՄՆ-ում՝ iPhone-ը
Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում գրանցվել է Galaxy սմարթֆոնի այրման ևս մեկ դեպք, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով «Չոսոն իլբո» թերթին։
Սա արդեն այս մոդելի բջջային հեռախոսների հետ կապված երկրորդ դեպքն է՝ այս հեռախոսի հայրենիքում (Samsung-ը հարավկորեական ընկերություն է-Tert.am). առաջինը տեղի էր ունեցել նախորդ տարվա մարտին Քվանջու քաղաքում, երբ հեռախոսը պայթել էր աշակերտի գրպանում։ Ընկերությունը պատահածը բացատրել էր «չափազանց մեծ արտաքին ճնշմամբ կամ ուժով»։
Այս անգամ տուժածը 55-ամյա մի մարդ է, ում հեռախոսը նույնպես պայթել է գրպանում, նրան այժմ բուժում են 2-րդ աստիճանի այրվածքներից։ Ընկերությունում փորձում են պարզել, թե ինչպես է դեպքը պատահել։ Սակայն ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այդ մարտկոցները «կարող են ինքնաբերաբար այրվել արտաքին ճնշման կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով»։
«Այրվող» էլեկտրոնիկայի հետ կապված միջադեպեր տեղի են ունեցել նաև Apple ընկերությունում։ Վերջին երկու տարվա ընթացքում սմարթֆոնների այրման մասին հաղորդագրություններ ստացվել են ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ավստրալիայից։
Վերջին դեպքը գրանցվել է փետրվարի 1-ին, Նյու Յորքում։ Շուկայի վերլուծաբան Շիբանի Բհուջլեն հայտնել է, որ դարձել է iPhone 4S սմարթֆոնի զոհը, որը նրան ծառայել է մեկ տարի։ Նրա խոսքով՝ սարքը տաքացել է և անջատվել, որից հետո կինը փորձել է հանել մարտկոցը, որը մասամբ ձևափոխված է եղել։
Այս միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ներում արդեն հայտնվել են մի քանի կարծիքներ։ Վարկածներից մեկի համաձայն՝ կինը, հավանաբար, սուրճ է թափել հեռախոսի վրա, իսկ երբ փորձել է այն լիցքավորել, տեղի է ունեցել թույլ միացում։










