Firefox և Chrome բրաուզերներով արդեն հնարավոր է տեսազանգ իրականացնել՝ առանց հավելյալ ծրագրերի (տեսանյութ)
Firefox-ի և Chrome-ի ստեղծողները միմյանց հետ զրուցել են տեսակապի միջոցով՝ դրա համար չօգտագործելով որևէ ծրագիր, բացառությամբ իրենց բրաուզերների, գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով The Next Web-ին:
Տեսազանգը հանդիսացել է WebRTC-տեխնոլոգիայի փորձարկում, որը հնարավորություն կտա տեսակապ հաստատել հենց բրաուզերի ներսում: Զանգ կատարելու համար անհրաժեշտ չեն plugin-ներ, Skype և այլ հավելյալ ծրագրեր:
Զրույցին Mozilla-ի կողմից մասնակցել է Թոդդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից Հյու Ֆիննենը:
WebRTC-ի լիարժեք կիրառման հնարավորություն են տալիս Chrome 25-ը և Firefox Nightly-ն՝ այս բրաուզերների վերջին թողարկումները, որոնք արդեն իսկ կարելի է ներբեռնել համացանցից:
Google-ից և Mozilla-ից բացի WebRTC տեխնոլոգիան օգտագործում է նաև Opera Software կազմակերպությունը, որին է պատկանում Opera բրաուզերը: Այս տեխնոլոգիան Skype-ում օգտագործել ցանկանում է նաև Microsoft-ը, սակայն նա մտադրված է ստեղծել WebRTC-ի ծրագրի սեփական տարբերակը:
WebRTC նախագիծը հաստատված չէ որպես ստանդարտ, ինչը բարդացնում է տեխնոլոգիայի կիրառումը, որովհետև WebRTC-ի տարբեր տեսակներ ունեցող բրաուզերները կարող են ի վիճակի չլինել միմյանց «զանգել»:










