Գերմանացիների ստեղծած գրիչը «տեղեկացնում է» ուղղագրական կամ քերականական սխալի մասին (տեսանյութ)

15:14 • 05.02.13

Գերմանական Lernstift ընկերությունը ստեղծել է առաջադեմ տեխնոլոգիաներին համապատասխան մի գրիչ, որն իրական փրկություն է աշակերտների և ուսանողների համար։ Պատճառն այն է, որ գրիչը «որսում է» ուղղագրական և  քերականական սխալները՝ հատուկ վիբրացիաներ արձակելով, գրում է Daily Mail-ը։

 

Գրիչը սխալը զգալու դեպքում անմիջապես արձագանքում է, և գրողը, իր ձեռքում զգալով դրա թրթռոցը, հասկանում է, որ սխալ է արել։ Օգտագործողները կարող են ընտրություն կատարել գրչի 2 գործառույթների միջև՝ Calligraphy Mode, որը հետևում է ձեռագրի վայելչագրությանը, և Orthography Mode, որը գտնում է ուղղագրական և քերականական սխալները։

 

Գրչի հեղինակ Ֆոլք և Մենդի Վոլսկիները պատմել են, որ նման իր ստեղծելու համար իրենց ոգևորել է նրանց փոքրիկ տղան, ով նոր է սովորել գրել և դեռևս շատ սխալներ է անում։ Ուստի, նրան և աշխարհի մյուս երեխաներին օգնելու համար ստեղծվել է նոր սերնդի այս գրիչը, որը «զինված է» ցանկացած սխալ «որսացող» ազդակներով։
 

 

Գերմանացիների ստեղծած գրիչը «տեղեկացնում է» ուղղագրական կամ քերականական սխալի մասին (տեսանյութ)