КамАЗ-ը ինքնակառավարվող և էլեկտրական բեռնատարներ կթողարկի

23:09 • 06.02.13

Ռուսաստանում բեռնատարների խոշորագույն արտադրող КамАЗ ընկերությունը միանգամից երկու հետաքրքիր նորույթ է պատրաստում: Դրանցից առաջինը կլինի էլեկտրական շարժիչներով բեռնատարը, իսկ երկրորդը` «անօդաչու» բեռնատարը, հաղորդում է Интерфакс-ը:

 

«Լրջորեն ուսումնասիրվում է քաղաքային էլեկտրական մեքենա ստեղծելու տարբերակը: Այսօր էլեկտրամոբիլների ստեղծումը դանդաղում է մարտկոցների բարձր գնով, սակայն սպասվում է, որ մոտակա տարիներին այդ հարցը կլուծվի», - ասվում է ավտոարտադրողի հաղորդագրության մեջ:

 

Интерфакс-ին տված հարցազրույցում ընկերության մամուլի ծառայության պատասխանատու Օլեգ Աֆանասևը պատմել է, որ նախագիծն արդեն մշակվում է, և իրականացման զանազան տարբերակներ են ուսումնասիրվում:
Նրա խոսքով՝ ներկայում լուծում է փնտրվում, որը հնարավորություն կտա էներգաարդյունավետ ավտոմեքենա ստեղծել:

 

Նախագծի երկրորդ մասը, որով նոր արտադրանք պետք է թողարկվի մինչև 2020թ., նախատեսում է ինքնակառավարվող, ռոբոտացված մեքենայի ստեղծում: Հաղորդվում է, որ ներկայում КамАЗ-ում ալգորիթմներ են մշակվում մեքենան մարդու համար վտանգավոր գոտիներում հեռակառավարմամբ օգտագործելու համար:


Ընկերության տեղեկություններով, ընթացիկ տարում տարբեր նախագծերում ներդրումները կկազմեն ավելի քան 5 մլրդ ռուբլի: Իսկ մինչև 2020թ. արտադրության մեջ կներդրվի մոտ 60 մլրդ ռուբլի:

 

Ավելի վաղ, КамАЗ-ի ստորաբաժանումը ներկայացրել էր իր առաջին էլեկտրական ավտոբուսը` Нефаз-52992-ը, որը մեկ լիցքավորմամբ ավելի քան 200կմ ճանապարհ է անցնում:


Լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցները տեղակայված են ավտոբուսի տանիքում, սալոնում և հետնամասում: Ավտոբուսում լիցքավորման սարք կա, որի միջոցով ավտոբուսը ամբողջովին լիցքավորվում է ստանդարտ 8 ժամում: Իսկ կայանատեղիում ավտոբուսը լիցքավորվում է 20-30 րոպեի ընթացքում` բարձր լարման ցանցից:

 

КамАЗ-ը ինքնակառավարվող և էլեկտրական բեռնատարներ կթողարկի