Որո՞նք են ձեռնարկչի և կառավարչի ուղեղների կենսագործունեության տարբերությունները. Business Insider

08:12 • 07.02.13

Բազում տարբերություններ կան այլոց բիզնեսում կառավարիչ դառնալու հարաբերականորեն ապահով ուղին ընտրող մարդկանց և նրանց միջև, ովքեր ձեռքից բան չեն թողնում հնարավորը՝ դառնալով ձեռնարկիչներ:

 

Պարզվում է, որ կենսակերպի այս տարբերությունն ավելի հեռուն է գնում՝ ընդհուպ մինչև նրանց ուղեղի աշխատանքը:

 

Իր հետազոտական աշխատանքում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Մորիզիո Զոլլոն սկանավորել է կառավարիչների և ձեռնարկիչների ուղեղները՝ երկու տարբեր տիպի առաջադրանքներ կատարելիս. գործնական առաջադրանքներ, որոնք ասոցացվում են ընթացիկ կամ առկա գործողությունների օպտիմալացման հետ և հետազոտական առաջադրանքներ, որոնց դեպքում անհրաժեշտ է նոր ուղիներ որոնել՝ ընդհանուր նպատակների կենսագործման ճանապարհին:

 

Հետազոտական առաջադրանքների դեպքում ի հայտ է գալիս մի ուշագրավ տարբերություն, ինչպես Զոլլոն է նշում իր բլոգում. «Մենք պարզեցինք, որ երբ ձեռնարկիչները հետազոտական առաջադրանք են կատարում, նրանք օգտագործում են իրենց ուղեղների առաջնային մասի թե աջ, թե ձախ հատվածները՝ ուղեղի ամբողջ, այսպես կոչված, դիմային կեղևը: Մինչդեռ կառավարիչները հակված էին հիմնականում օգտագործել ուղեղի դիմային մասի ձախ հատվածը: Սա շատ էական տարբերություն է, քանի որ դիմային կեղևի աջ հատվածը ստեղծագործական գործառույթների իրականացման պատասխանասխանատուն է՝ այն գործողությունների, որոնք ենթադրում են մտածողության բարձր մակարդակ (ինչպես օրինակ պոեզիան, արվեստը և այլն), այնինչ ձախ մասն ասոցացվում է ռացիոնալ որոշումների կայացման և տրամաբանական մտածողության հետ: Այսպիսով, մենք պարզեցինք, որ ձեռնարկիչները կարծես թե ունակ են օգտագործել բարձր մակարդակի մտածողության ողջ հնարավորությունները, մինչդեռ կառավարիչներն առավելապես կենտրոնացած են ավելի նեղ՝ զուտ ռացիոնալ և տրամաբանական դատողությունների վրա:
Սա չի նշանակում, որ ձեռնարկիչներն ավելի խելացի են կամ նրանք ավելի շատ են հետազոտում քան կառավարիչները. պարզապես նրանք առավել լիարժեք են օգտագործում իրենց ուղեղը»:

 

Զոլլոն պնդում է, որ այս տարբերությամբ կարելի է բացատրել ձեռնարկչի՝ ռիսկի դիմելու հակումը: Այն անհատները, ովքեր գլխավորապես առաջնորդվում են գիտակցական և տրամաբանական դատողություններով, ավելի զգայուն են ռիսկերի նկատմամբ: Իսկ նրանք, ովքեր օգտագործում են նաև ուղեղի «գեղարվեստական և ստեղծագործական մասը», կարողանում են հաղթահարել ռիսկի «արգելքը»:
 

Որո՞նք են ձեռնարկչի և կառավարչի ուղեղների կենսագործունեության տարբերությունները. Business Insider