Google-ը սենսորային էկրանով նոութբուք է ստեղծում. ԶԼՄ-ներ
Աշխարհի խոշորագույն Google համացանցային ընկերությունը սեփական նոութբուքն է ստեղծում, որը կունենա սենսորային դիսփլեյ և կաշխատի Chrome OS օպերացիոն համակարգով, նշում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TechCrunch կայքին։
Անանուն օգտատերը, ով, ենթադրվում է, հանդիսանում է ընկերության նախկին աշխատակիցը, համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որում ցուցադրվում է սենսորային դիսփլեյով նոութբուք։ Հոլովակում ասվում է նաև, որ նոութբուքն առաջինն է, որն ամբողջությամբ նախագծվել է Google-ի ինժեներների կողմից։
Ինչպես նշում է TechCrunch կայքը, ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել տեսանյութի իրական լինելու վերաբերյալ հարցին։
Տեսանյութն ունի պրոֆեսիոնալ հնչունավորում և պարունակում է համակարգչային գրաֆիկայի բարդ տարրեր։ Այս ամենը վկայում է այն մասին, որ հոլովակն իրական է, և համացանցում հայտնվել է կամ սխալմամբ, կամ «վերահսկվող արտահոսքի» արդյունքում, որը կատարվել է հենց ընկերության կողմից՝ նորույթի շուրջ աղմուկ և հետաքրքրություն առաջացնելու համար։










