Facebook-ը ժամանակավորապես «կոտրել» է համացանցը
Բազմաթիվ խոշոր կայքեր այս գիշեր անսպասելիորեն օգտատերերին «ուղղորդել» են դեպի Facebook. պատճառը Facebook Connect համակարգի աշխատանքի խափանումն է եղել, որը թույլ է տալիս այցելուներին սոցկայքի աքաունթի օգնությամբ գրանցվել տարբեր տեղեկատվական և զվարճալի կայքերում, գրում է Вести-ն։
Խափանումը, մասնավորապես, խախտել է այնպիսի խոշոր ամերիկյան կայքերի աշխատանքը, ինչպիսին են MSNBC.com-ը, CNN-ը, Yelp-ը և The New York Magazine-ը։ Մտնելով կայք՝ Facebook Connect-ից օգտվող օգտատերն ավտոմատ կերպով «ուղղորդվել» է facebook.com կայքում տեղակայված սխալի առկայության մասին հաղորդագրությամբ էջ։
Սխալից ազատվել հնարավոր է եղել միայն սոցկայքից դուրս գալով։ Համացանցը, սակայն, «կոտրվել» է ընդամենը մի քանի րոպե։ Ավելի ուշ ընկերության մամուլի ծառայությունում ընդունել են խափանման փաստը՝ նշելով, որ այն օպերատիվ կերպով ուղղվել է։
Աղբյուրը նշում է, որ պատահածը թվում է ոչ էական. որոշ կայքեր երբեմն ժամերով «չեն աշխատում»։ Սակայն այս խափանումը ստիպում է մտածել այն մասին, թե որքանով է Facebook-ը սերտ կապված կողմնակի կայքերի հետ։ Շնորհիվ սրա, Մարկ Ցուկերբերգի կայքն այժմ հնարավորություն ունի խախտել հայտնի կայքերի մեծ մասի աշխատանքը։










