Լիտվացի հարկային տեսուչները կգնահատեն անշարժ գույքը Google-ի քարտեզների օգնությամբ
Google Street View-ն կօգնի Լիտվայի հարկային տեսուչներին հայտնաբերել իրավախախտներին, հայտնում է Russia Today-ը։
Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ տեսուչներն իրենց աշխատանքում կօգտագործեն Google-ի ծառայությունը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն կհեշտացնի հարկային ծառայությունների «աչքից հեռու» սեփականության որոնումը, այլև զգալիորեն կխնայի աշխատակիցների ժամանակը։
Այսուհետ հարկային տեսուչները կօգտվեն Google Street View ծառայությունից, որը հասանելի է դարձել Լիտվայում մեկ շաբաթ առաջ, հայտարարել է Հարկային պետական ծառայության ղեկավար Արտուրաս Կլերաուսկասը։
«Google Street View-ն կօգնի պարզել անշարժ գույքի չգրանցված օբյեկտները կամ հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է արդյոք շենքի փաստացի արժեքը փաստաթղթում նշված արժեքին։ Բացի այդ, ծառայությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել մեր աշխատակիցների հնարավորությունները, մանավանդ, երբ օբյեկտը գտնվում է հարկայինից հեռու»,- ասել է Կլերաուսկասը։










