Ubuntu համակարգով հեռախոսները վաճառքի կհանվեն հոկտեմբեր ամսին
Ubuntu հիմքի վրա ստեղծված առաջին սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013 թվականի հոկտեմբերին: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին, որը մեջբերում է Մարկ Շաթթլվորթի խոսքերը, ով հանդիսանում է համակարգը ստեղծած Canonical կազմակերպության ղեկավարը:
Շաթթլվորթը նշել է, որ Ubuntu հիմքով սարքերը հոկտեմբերին կմատակարարվեն 2 շրջանների, սակայն չի մանրամասնել, թե որոնք կլինեն դրանք և չի նշել սարքերի գինը: Նախկինում Շաթթլվորթը նշել էր, որ սմարթֆոնները կարտադրի Android համակարգով սարքեր ստեղծող հայտնի ընկերությունը: Ծրագրեր ստեղծողները Ubuntu-ի հետ կարող են ծանոթանալ արդեն փետրվարին: Քանի որ «հարազատ» սարքերն այդ ժամանակ պատրաստ չեն լինի, նրանք ստիպված են լինելու համակարգը գործարկել Samsung-ի արտադրության Galaxy Nexus հեռախոսների վրա:
Canonical ընկերությունը Ubuntu համակարգի բջջային տարբերակը ներկայացրել էր 2013 թվականի հունվարին:










