Ամերիկացիները սիրիացի ապստամբ գրոհայիններին Հորդանանում են նախապատրաստում
Ամերիկյան ռազմական փորձագետները մասնակցում են սիրիական ապստամբների ռազմական ուսուցմանը, որը իրականացվում է Հորդանանի տարածքում, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով գերմանական «Շպիգել» շաբաթաթերթին:
Ուսուցումը իրականացվում է երկրի արևելքում և հարավում տեղակայված երկու ռազմաբազաներում: Սիրիայի Դերաա քաղաքում գործող գրոհայինների երեք պարագլուխների հետ ևս համագործակցում են հորդանանյան հատուկ ծառայությունները, պնդում է «Շպիգելը»:
Շաբաթաթերթի տեղեկություններով, ամերիկացիները արդեն մոտ 200 գրոհային են նախապատրաստել, որոնք համալրել են «Սիրիական ազատ բանակի շարքերը»: Մի քանի շաբաթվա ընթացքում մարզումը կավարտեն ևս 1200 ապստամբներ:
Միևնույն ժամանակ հոդվածում չի նշվում, թե ապստամբներին ամերիկյան ինչ կառույցներ են նախապատրաստում` պետական, ռազմական, թե մասնավոր:
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստարարել էր, որ ամերիկացիները ռազմական արվեստ են ուսուցանում «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններին: Նա հրաժարվել էր մանրամասնել, սակայն հայտարարել էր, որ դա ԱՄՆ-ի ներդրումն է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում:
ԱՄՆ պետքարտուղարը նշել էր նաև, որ այլ պետություններ ևս իրենց «ներդրում են» անում ապստամբների նախապատրաստման գործում:










