Լիբիայում կեղծ ալկոհոլից մահացածների թիվը հասել է 51-ի

21:26 • 11.03.13

Լիբիայի մայրաքաղաքում անցյալ հանգստյան օրերին կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով մահացածների թիվը հասել է 51-ի: Նման տեղեկություն է հաղորդում Լիբիայի Առողջապահության նախարարությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Փոխանորդ ալկոհոլ օգտագործելուց հետո մահացածների թիվը հասել է 51 մարդու»,- հայտարարել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ամար Մոհամեդ Ամարը: Բացի այդ, 378 մարդ, որոնք թունավորվել էին կեղծ սպիրտային խմիչքներից, տեղափոխվել են հիվանդանոց:


Ըստ տեղի բժիշկների, բոլոր հիվանդներն ունեն մեթիլային սպիրտով թունավորման ախտանիշներ, որոնք առաջացնում են երիկամային անբավարարություն և կուրություն, իսկ երբեմն դառնում են մահվան պատճառ: Հիվանդների մեծ մասը 19-50 տարեկան տղամարդիկ են, որոնք հավանաբար խմիչքները ձեռք են բերել միևնույն վայրից: