Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ «Բարևի նստացույց» են հայտարարել(տեսանյութ)

19:11 • 11.03.13

«Ժառանգություն» կուսակցության անդամ և անկուսակցական մի խումբ երիտասարդներ այսօր Ազատության հրապարակում «Բարևի նստացույց» են հայտարարել, և պահանջում են այն, ինչ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել էր հարթակից՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը: 



«ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նստացույցն անժամկետ է հայտարարված:


«Մեր նստացույցն անժամկետ է, նստելու ենք այնքան, մինչև Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ հայտարարի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ցանկացած գործ անում են հուսով և ոչ միայն հավատով, այլ նաև տրամադրված այնպես, որ կհասնեն հաջողության:


Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ իրենց նստացույցը շուտով վերածվի հացադուլի, երիտասարդ կուսակցականը պայուսակից հանեց համակարգիչը, որի վրա գրված էր «Հնարավոր է», ցույց տվեց լրագրողներին և ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին ուղղակի որոշել ենք, որ երիտասարդական նստացույց պետք է անենք: Շիշտ է, բոլոր ավագ նստացույց անողներին նույնպես կընդունենք մեր շարքերը, բայց նստացույցը երիտասարդական է»:


Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր հացադուլ անելու իր որոշման մասին և պատրաստվում է մինչև ապրիլի 9-ը մնալ Ազատության հրապարակում և շարունակել հացադուլը: