ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում
Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ է ունեցել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է «Կանանց և աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը»: Գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ` դեսպան Նազարյանը վստահություն է հայտնել, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները գտնելու համար:
Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները` դեսպանը կարևորել է «Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները և հիմնական թիրախները:
Նա նաև նշել է, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում` ամրապնդելով քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը՝ բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը: Դեսպան Նազարյանը նկատել է, որ չնայած այդ ջանքերին, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են` ստանալով նոր ձևեր ու դրսևորումներ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ` խթանելու և կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը:
Նա իր ելույթը եզրափակել է` նշելով, որ անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային և գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները` նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաև կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար:










