Ադրբեջանում լրագրողին 9 տարվա ազատազրկման են դատապարտել
Բաքվի դատարանն այսօր «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալըին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, տեղեկացնում է contact.az-ը։
Լրագրողին նաև արգելվել է ազատ արձակումից հետո մեկ տարի զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, ինչպես նաև նա պետք է վճարի 4076 մանաթ տուգանք։
Զեյնալըն ձերբակալվել էր 2011թ.-ի հոկտեմբերին, իսկ դատական գործընթացը սկսվել էր 2012թ.-ի մայիսին։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 311.3.3 (խոշոր չափերի կաշառք վերցնելու) և 311.4 (սպառնալիքներով գումար շորթելու), 306 (դատարանի որոշումը չկատարելու) և 213.1 (խոշոր չափի հարկերի վճարումից խուսափելու) հոդվածներով։
Դատախազը Զեյնալըի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։
Խմբագիրը ձերբակալվել էր նախկին պատգամավոր Գյուլնար Ահմեդովայի բողոքի հիման վրա, ով ինքն էլ այժմ բանտարկված է՝ խարդախությունների մեղադրանքով։
Դատարանում լրագրողը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ինքը ձերբակալվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի և հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի պատվերով։
Դատարանի դահլիճը դատավճռին արձագանքել է «ազատություն» վանկարկելով։
Բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպություններ պնդում են, որ Զեյնալըն դատապարտվում է մասնագիտական գործունեության պատճառով, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին հրապարակումների համար։










