Դամասկոսի Բաբ Շարքի թաղամասում ականների պայթյունից վիրավորվածների թվում երկու հայ կա
Վերջին օրերին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական շրջանները համեմատաբար խաղաղ են, սակայն քաղաքի արվարձաններում, հատկապես՝ Դարեա, Դումա, Բարզե և այլ շրջաններում, բախումները շարունակվում են և լսվում են թնդանոթների ձայներ, հաղորդում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթը։
Պարբերականի թղթակիցը Դամասկոսից տեղեկացրել է, որ երեկ մայրաքաղաքի հին հատվածի արևելյան շրջանում գտնվող Բաբ Շարքի թաղամասում մոտ տասը ական է պայթել, որոնց պատճառով զոհվել է մի քանի, վիրավորվել ավելի քան 2 տասնյակ մարդ։
Վիրավորների թվում երկու հայ կա, որոնց վնասվածքները թեթև են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Առաջնորդ Արմաշ սրբազան Նալբանդյանը հաղորդել է, որ Բաբ Շարքի շրջանում գտնվող Հայ առաքելական Սուրբ եկեղեցին և Ազգային թարգմանչաց ճեմարանը հարվածի չեն ենթարկվել և շարունակում են բնականոն գործունեությունը։










