Խիզախություն ունեցեք անելու այն, ինչ արեց Օրհան Փամուկը. Կանադայում ՀՀ դեսպանի նամակը՝ թուրք դեսպանին
Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին օրեր առաջ իր գրառումներից մեկում նշել էր, թե Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ «ապացույցներ չկան, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են»: «Թուրքիան 1915թ. դեպքերը չի ճանաչում որպես «ցեղասպանություն»: Այս հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ է. որևէ երկրի ցեղասպանության համար մեղադրելը լուրջ է, այդ մեղադրանքը պետք է հիմնավորվի պատմական և իրավական փաստերով»,-գրել էր թուրք դեսպանը: Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը թուրք դեսպանի ծիծաղելի «փաստարկներին» պատասխանել է բաց նամակով, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ես` որպես շարքային հայ, ոչ որպես դեսպան, ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու իմ թուրք գործընկերոջը, որը պարզվում է՝ իր աշխատանքային ակնառու գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ «հիմնավոր պատմական ու իրավական ապացույց» չի տեսել: Ես չեմ ցանկանում խորանալ Հայոց ցեղասպանության մանրամասների մեջ, քանի որ այն հստակ ու լավ փաստարկված է: Սակայն, անկեղծ հավատալով, որ իմ գործընկերը տեղյակ չէ Հայոց ցեղասպանությունից, պարզապես կմատնանշեմ որոշ աղբյուրներ, որոնք դեսպան Բաբալիին հնարավորություն կտան լրացնել «ակադեմիական բացը»:
2002թ. Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը եզրակացրեց, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված սպանդը պարունակում է ցեղասպանություն (որը սահմանում է ՄԱԿ-ի Կոնվենցիան) տերմինի բոլոր տարրերը: Բացի այդ, Կանադան, որում իմ գործընկերը դեսպան է, ինչպես նաև երկու տասնյակից ավելի պետություններ ու մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնց թվում է նաև Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան, ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Փաստեր գտնելու մեկ այլ տարբերակ էլ կա՝ պարզապես շրջել Արևմտյան Հայաստանով, որը 11-րդ դարում նվաճվեց Ալթայի լեռներից եկած թուրք քոչվորների (նկատի ունի սելջուկ թուրքերի արշավանքը-Tert.am) կողմից, և հանդիպել հազարավոր հայկական հուշարձանների, եկեղեցիների ու ամբողջական քաղաքների, որոնք Թուրքիայի պետությունը հարկ չհամարեց նույնիսկ անվանափոխել: Ինքներդ Ձեզ հարցրեք՝ որտե՞ղ են այդ քաղաքի բնակիչները, որտե՞ղ են դատարկ եկեղեցիների քրիստոնյա ծխականները, մեկուկես միլիոն հայերն ինչպե՞ս կարող էին պարզապես անհետանալ Երկրի երեսից:
Կարծում եմ, որ որոշակի պատմական փաստեր կգտնեք Նոյի երկրում (համարվում է, որ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյյան տապանն իջևանել է Արարատ լեռան գագաթին)՝քաղաքակրթության բնօրրանում, որն ականատես եղավ Երիտթուրքերի կառավարության դաժան բռնություններին ու սրբապիղծ ոճրագործություններին: Արժանապատվություն ու խիզախություն ունեցեք ճանաչելու Ցեղասպանությունը, ինչը որ արեց հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը (ազգությամբ թուրք): Հարգե'ք այն տասը միլիոն հայերին, որոնք դեռ սգում են սարսափելի կորուստը: Խիզախություն ունեցեք»:










