Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ–ների միջև
ՀՀ ԱԳՆ-ում մարտի 11-ին Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցությունները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:
Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվել է հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:










