Հունաստանն աճուրդի է հանել Ներքին գործերի և Մշակույթի նախարարությունների շենքերը
Հունաստանի սեփականաշնորհման պետական գործակալությունն աճուրդի է հանել պետությանը պատկանող 28 շինություն, որոնց շարքում են նաև Ներքին գործերի, Մշակույթի նախարարությունների և Աթենքի ոստիկանության վարչության շենքերը։
Ըստ Euromag-ի ունեցած տվյալների՝ աճուրդի հանված շինությունների մեջ են մտնում նաև Արդարադատության, Առողջապահության, Կրթության նախարարությունների, Ազգային վիճակագրական ծառայության, ԶԼՄ-ների գլխավոր քարտուղարության, հարկային վարչությունների շենքերը։
Պահանջվող չափորոշիչներին համապատասխանող ներդրողները պարտավոր են մինչև ապրիլի 19-ը հաստատել իրենց հետաքրքրվածությունը որևէ շինություն ձեռք բերելու հարցում, ինչից հետո պետք է ներկայացնեն իրենց ֆինանսական առաջարկները։
Հունաստանի կառավարությունը «վարկատու եռյակի» առաջ (Եվրոպական Միություն, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) պարտավորվել է ընթացիկ տարում սեփականաշնորհման միջոցով 2,6 մլրդ եվրո ստանալ։ Բացի այդ, վաճառքի են հանվել DEPA գազային կորպորացիան, գազատրանսպորտային համակարգի օպերատոր DESFA-ն, վիճակախաղերի մենաշնորհը, երկաթուղիները, շրջանային նավահանգիստներն ու օդանավակայանները։










