Իրանը պատրաստվում է դատի տալ Հոլիվուդին

16:10 • 12.03.13

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ երկրի իշխանությունները պատրաստվում են դատի տալ Հոլիվուդին օսկարակիր «Արգո» ֆիլմի համար, քանի որ ֆիլմում, ըստ իրանցիների, Իրանը «ոչ իրական ձևով է նկարագրված», հայտնում է ABC News-ը:

 

Shargh daily-ն այս առիթով հայտնել է, թե Իրանում է ֆրանսիացի իրավաբան Իզաբել Կուտան-Պեյրեն՝ պաշտոնյաների հետ բանակցելու, թե ինչ է պետք անել դատավարության հարցով: Կուտան-Պեյրեն վենեսուելացի ահաբեկիչ Շնագայլ Կառլոսի փաստաբանն է եղել:

 

Իրանում նման որոշում են ընդունել երկուշաբթի օրը երեկոյան, երբ մի շարք մշակութային գործիչներ ու կինոքննադատներ Թեհրանում փակ ցուցադրությամբ ներկայացրել են «Արգոն»:

 

Ավելի վաղ Իրանն «Արգոն» անվանել էր «ԿՀՎ-ամետ ֆիլմ, հակաիրանական պրոպագանդա»:
Ֆիլմը պատմում է 1979-ի Իսլամական հեղափոխության բովում Թեհրանի ամերիկյան դեսպանատնից 6 ամերիկացի դիվանագետների փախուստի մասին: