Չինաստանի դեսպանը բոյկոտել է Ճապոնիայի երկրաշարժի տարելիցին նվիրված արարողությունը. Տոկիոն դժգոհ է

11:43 • 12.03.13

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան այսօր դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Չինաստանի դեսպանը բոյկոտել է երկու տարի առաջ Ճապոնիային պատուհասած տարերային աղետի զոհերի հիշատակի արարողությունը։
 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, Պեկինն ավելի ուշ մեկնաբանել էր, որ դա արվել է ի նշան դահլիճում Թայվանի ներկայացուցչի ներկայության դեմ բողոքի։

 

«Մեր կառավարությունը Չինաստանին բացատրել է, որ մենք պետք է հաշվի առնենք այն զգալի օգնությունը, որը Ճապոնիան ստացել է Թայվանից՝ բնական աղետից հետո։ Սակայն դա չի փոխում մեր տեսակետը Թայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Մեզ մտահոգում է այն, որ Չինաստանի կառավարությունը չցանկացավ հասկանալ արված պարզաբանումը»,-ասել է նախարարը։

 

Տոկիոն պաշտոնապես Թայվանն ընդունում է որպես Չինաստանի մաս, սակայն նրա հետ հարաբերություններ ունի ներկայացուցչությունների մակարդակով, որոնք գրեթե դեսպանությունների դեր են կատարում։

 

2011թ.-ի մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո Թայվանի իշխանությունները մեծ օգնություն էին ցուցաբերել տուժածներին։


Տոկիոյի և Պեկինի հարաբերություններն անցյալ աշնանից կտրուկ սրվել են Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների պատճառով։