Եգիպտոսի նախկին նախագահը ժողովրդին կոչ է արել համախմբվել Մուրսիի շուրջ

09:20 • 12.03.13

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը համոզմունք է հայտնել, որ ճգնաժամի ավարտի համար երկրի քաղաքացիները պետք է համախմբվեն երկրի ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսիի շուրջ։


Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն՝ France 24 հեռուստաընկերության հղումով՝ նախկին նախագահի տեսակետը լրագրողներին է փոխանցել նրա փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը։


«Մուբարաքը տխուր է և շատ ծանր ապրումներ ունի»,-ասել է ադ-Դիբը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում երկրում առկա ճգնաժամը։


Մուբարաքը փաստաբանի միջոցով նաև հաղորդել է, որ Եգիպտոսի ժողովուրդը խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունք ունի և դեմ է արտահայտվել ցույցերը բռնությամբ ցրելուն։


Գործող նախագահ Մուհամմեդ Մուրսին երկու անգամ բանտարկվել է Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին։