Ես հիմար մեղադրանքներ լսելու ժամանակ չունեմ. Թուրքիայում հայ լրագրողը չի պատրաստվում պաշտպանվել դատարանում

10:52 • 12.03.13

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատախազությունն ավարտել է հայ լրագրող Սևան Նիշանյանի դեմ ներկայացված մեղադրանքի քննությունը և «ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու» համար մինչև 1.5 տարվա ազատազրկում է պահանջում։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Նիշանյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը և պնդում է, որ դատախազություն դիմողները «խոսքի ազատությանն անծանոթ» մարդիկ են եղել, և ինքը դատարանում չի պատրաստվում պաշտպանվել։

 

«Պաշտպանվել կնշանակի ճանաչել այս գործի օրինականությունը։ Ես իմ ասածների տերն եմ»,-ասել է Սևան Նիշանյանը։

 

«Երկրում տգետ մարդիկ շատ կան, աջ ու ձախ ցեխ շպրտողների թիվը շատ է։ Խոսքի ազատությանն անծանոթ մարդիկ են եղել բողոքողները։ Ես դատախազի երևակայության արդյունք հանդիսացող մեղադրանքը կարդալու համար ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ համբերություն։ Նման հիմար դատավարության ընթացքում էլ չեմ պատրաստվում պաշտպանվել»,-հայտարարել է հայ լրագրողը։

 

Նա նշել է, որ եթե իրեն 1.5 տարով ազատազրկեն, դա միայն վնաս կտա Թուրքիային, քանի որ կերևա, թե ինչ մտածելակերպ ունի թուրքական դատարանը։