Եվրոպական միությունում արգելվել է կոսմետիկայի փորձարկումը կենդանիների վրա
Եվրոպական միությունում արգելվել է կոսմետիկ արտադրանքի փորձարկումը կենդանիների վրա, սակայն արդեն փորձարկված ապրանքը կմնա խանութներում, ուստի շարքային սպառողի համար այս կարևոր փոփոխությունը գրեթե աննկատ կմնա, հայտնում է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը:
ԵՄ տարածքում արգելվել է նաև այն դիմահարդարման միջոցների ներմուծումն ու վաճառքը, որոնցում կան կենդանիների վրա փորձարկված բաղադրիչներ:
Ինչպես հայտնել է ԵՄ-ի առողջապահության և սպառողների իրավունքների հարցերով հանձնակատար Տոնիո Բորգը, ԵՄ-ի կանոնակարգման մարմինները նման արգելք էին սահմանել դեռևս 2004-ին, սակայն երեկ հաստատվել է ամբողջական արգելքը: Նա նկատել է, որ սա ազդանշան է առ այն, թե Եվրոպայում ինչ աստիճանի են հոգ տանում կենդանիների բարեկեցության մասին:
Տարեկան 93 մլրդ դոլարի շրջանառությամբ Cosmetics Europe-ը (ոլորտի ձեռնարկություններին միավորող խումբ) հայտարարել է, որ այս որոշումը կխոչընդոտի նորարարություններին և նոր արտադրանքի ստեղծմանը:










