Հացադուլ, օր 3-րդ. Րաֆֆի Հովհաննիսյանը չի շփվում լրագրողների հետ (լուսանկարներ)
ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է անում արդեն 3-րդ օրը, սակայն այսօր առավոտյան նա չցանկացավ խոսել լրագրողների հետ։
Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց, որ այսուհետ դա անելու է օրը մեկ անգամ՝ ժամը 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Փոխարենը նա առավոտյան ծանոթանում էր հայկական մամուլին: Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էին նաև նրա կինը, մի շարք համախոհներ: Անցորդները մոտենում էին նրան հարցեր կամ խորհուրդներ տալիս:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։
Ազատության հրապարակում էին նաև նստացույց հայտարարած մի խումբ երիտասարդներ, որոնք Օպերայի շենքի աստիճաններին էին տեղավորվել՝ «Նստացույց» պաստառով: Նրանցից «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը խաղաղ է անցել, առավոտն էլ խաղաղ է բացվել:
«Միասին զրուցել ենք, երգել ենք, առանձնակի բան չի եղել: Ոստիկաններին համարյա չենք էլ տեսել: Երեկ 30 հոգով ենք սկսել նստացույցը, պիկին 100-150 էինք: Շուտով կսկսեն հավաքվել ու հերթափոխով ամբողջ օրը այստեղ կլինենք»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենք մինչև վերջ լինելու են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին՝ միանալով նրա պահանջներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած քվեարկության պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանն ստացել է 58.64% ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 36.75%, սակայն վերջինս պնդում է, որ ընտրությունները կեղծվել են։










