Հացադուլի վայրում անձրևանոց տեղադրելու համար ոստիկանները անձրևի կաթիլի չափն էլ են որոշել. Ա. Մարտիրոսյան
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր ոստիկանները թույլ չէին տալիս անձրևանոց տեղադրել՝ պատճառաբանելով, որ երկնքից մաղվող կաթիլները դեռ անձրև չեն: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ասաց, որ միայն որոշ բանակցություններից հետո են թույլ տվել անձրևանոց տեղադրել:
«Ոստիկանները անձրևի չափն էլ են որոշել, և, երևի, պիտի երկնքից դույլերով ջուր թափվի, որպեսզի իրենց համար անձրև համարվի»,- ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան խնդիր էր առաջացել նաև վրան տեղադրելու հետ կապված: Կառավարության որոշման համաձայն՝ «Ազատության հրապարակում վրաններ տեղադրելը համարվում է փչացնել պատմամշակութային կոթողը: Իրենց խոսքով վրանը կվնասի հրապարակի ասֆալտը, իսկ այն համարվում է պատմամշակութային արժեք»,- նշեց Մարտիրոսյանը:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից նույնպես ասացին, որ Ազատության հրապարակում չի թույլատրվում վրան տեղադրել՝ հղում տալով կառավարության նշված որոշմանը:










