Քաղաքական և հասարակական գործիչները շարունակում են այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)
Երևանի Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վաղ առավոտից մոտենում են հասարակ քաղաքացիներ, սեղմում նրա ձեռքը և իրենց աջակցությունը հայտնում։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել նաև քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներ։
«Ժառանգություն» կուսակցապետին այցելողների թվում են եղել ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, նախկին ՀՀՇ վարչության նախագահ, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Արարատ Զուրաբյանը, նախկին ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը և այլք։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակ էին եկել նաև ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և այլք։










