Սիրիացի զինվորականները սպանել են 30 դասալիքների
Սիրիայի կառավարական բանակի զինվորները սպանել են առնվազն 30 դասալիքների, որոնք լքել էին իրենց դիրքերը և միացել էին ապստամբներին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Կռիվը տեղի է ունեցել օդանավակայանը Դամասկոսին միացնող մայրուղու վրա: Դասալիքների խումբը գնում էր դեպի արևելյան Գուտա նահանգի կողմ, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, սակայն ընկել է ծուղակի մեջ, որը պատրաստել էին նրանց նախկին կողմնակիցները:
Կարճատև կռվի ընթացքում բոլոր դասալիքները սպանվել են, իսկ ապստամբներին չի հաջողվել նրանց օգնության հասնել:
Վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացել են օդանավակայան տանող ճանապարհին ընթացող կռիվները: Զինված ընդդիմադիրները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել կարևոր ճանապարհը, սակայն բանակային ստորաբաժանումներն ամեն անգամ ետ են մղում հարձակումները:
Նախկինում ապստամբներին հաջողվել էր այնքան մոտանալ օդանավակայանին, որ կարող էին կրակել վայրէջք կատարող ինքնաթիռների վրա: Սակայն ավելի ուշ նրանք հեռացվել էին այդ դիրքերից:










