ԱՄՆ-ում ցանցահենները համացանցում տեղադրել են պաշտոնյաների և աստղերի գաղտնի տվյալներ
Ցանցահենները ԱՄՆ-ում հերթական հարձակում են իրականացրել և համացանցում տեղադրել ամերիկացի քաղաքական գործիչների ու հայտնի անձանց մասին գաղտնի տեղեկություններ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն և Լոս Անջելեսի ոստիկանությունը հաստատել են, որ տեղյակ են կրեդիտային քարտերի և սոցիալական ապահովագրության տվյալների հրապարակման մասին՝ su տիրույթում։
Ցանցահենների ենթադրյալ զոհերն են դարձել ՀԴԲ տնօրեն Ռոբերտ Մյուլլերը, Լոս Անջելեսի ոստիկանապետ Չառլի Բեքը, շոու բիզնեսի և բեմի 12 աստղեր՝ ներառյալ Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, ռեպեր Ջեյ Զին, Փերիս Հիլթոնը, Մել Գիբսոնը և Էշթոն Քաթչերը։
Ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, չնայած նրանց կրեդիտային քարտերն ու հասցեները նշված կայքում չեն եղել։










