«Պզոյի գործով» հայ մեղադրյալը 41 ամսվա ազատազարկման է դատապարտվել
ԱՄՆ-ում 30-ամյա Խորեն Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններ կատարելու համար և 41 ամսվա ազատազարկման դատապարտվել: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Գասպարյանը նաև պետք է 182, 735 դոլար փոխհատուցում վճարի:
Հիշեցնենք, որ Գասպարյանի նկատմամբ մեղադրանք էր ներկայացնել 2011թ-ին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գասպարյանը, մի խումբ այլ անձանց հետ, 2008-2010թթ. գրանցել է գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից ապահովագրական գումարներ ստանալու նպատակով վճարման ենթակա կեղծ հաշիվներ ուղարկել Medicare-ին և չմատուցված ծառայությունների դիմաց գումարներ ստացել:
Գասպարյանն ավելի վաղ ընդունել էր իր մեղքը: ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի կայքի հաղորդմամբ՝ Գասպարյանը պատիժը կրելուց հետո արտաքսվելու է ԱՄՆ-ից, ենթադրվում է՝ Հայաստան:
Հավելենք, որ Գասպարյանը ձերբակալվել էր այսպես կոչված «Պզոյի գործի» շրջանակում: 2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում։ Հատուկ ծառայությունները ձերբակալեցին հանցավոր խմբավորման (անվանումը` «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն») տասնյակ անդամների (հիմնականում Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիների)։ Ձերբակալվածների թվում էր նաև հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը( մականունը՝ Պզո), որը, դատախազության տվյալներով, ղեկավարել էր այդ խմբավորումը: Հետաքննության տվյալներով` խմբավորումը գրանցել էր մի քանի գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից ապահովագրական գումարներ ստանալու նպատակով պարբերաբար վճարման ենթակա կեղծ հաշիվներ է ուղարկել Medicare-ին: Հանցավոր խմբի անդամներն ընդհանուր առմամբ օգտագործել էին Միացյալ Նահանգների 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը հասցված վնասը գնահատվել էր ավելի քան 150 միլիոն դոլար: Առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել: Ձերբակալվել էր նաև Պզոն, որը շաբաթներ առաջ 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց:










