Արգենտինայի նախագահը Բրիտանիայի հետ վիճելի տարածքներում անցկացված հանրաքվեն «կատակերգություն» է անվանել

10:16 • 13.03.13

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները «կատակերգություն» է անվանել Մեծ Բրիտանիայի հետ վիճելի համարվող տարածքում հանրաքվեի անցկացումը, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Երկուշաբթի օրը Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների բնակիչները գրեթե միաձայն քվեարկել են Միացյալ Թագավորության իշխանության տակ մնալու օգտին։

 

Արգենտինայի ղեկավարը հանրաքվեն համեմատել է բնակիչների խմբի հետ, ովքեր գրավել են շենքը և որոշում են՝ պահել այն, թե ոչ։

 

Նա նաև շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը Մեծ Բրիտանիային բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն ուղղված կառավարության ջանքերին աջակցելու համար։

 «Երկխոսությունը համաձայնության հասնելու միակ ճանապարհն է»,- ընդգծել է արգենտինացի առաջնորդը։

 

Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ն կոչ էր արել համագործակցել խաղաղ լուծման հասնելու համար, չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի գլխավոր դաշնակիցը։

 

1982թ.-ի ապրիլին, տարածքային հակամարտության պատճառով Բուենոս Այրեսի և Լոնդոնի միջև կարճատև, բայց արյունալի զինյալ հակամարտություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր Արգենտինայի պարտությամբ։