Յուլյա Տիմոշենկոն մտադիր է առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում

10:21 • 13.03.13

Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է 2015թ.-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այդ մասին նա հայտարարել է շվեյցարական Le Temps պարբերականին տված հարցազրույցում։

 

«2012թ.-ի դեկտեմբերի 7-ին միացյալ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաջորդ նախագահական ընտրություններում կաջակցի ինձ՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի։ Դա ինձ համար մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն։ Իհարկե մեծ խոչընդոտներ կան, սակայն ես միշտ ընդդիմացել եմ նրանց, ովքեր փորձել են շեղել ինձ իմ նպատակներից և Ուկրաինայի ապագայի մասին իմ երազանքներից»,-հայտարարել է Տիմոշենկոն։

 

Նրա խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչն ու նրա թիմը լավ գիտեն, որ նախկին վարչապետն ընդունակ է երկրում փոխել իրավիճակը և հավաքել ուժեր՝ Ուկրաինայում առկա միապետությանը դիմակայելու համար։

 

Տիմոշենկոն ձերբակալվել էր 2011թ.-ին՝ քաղաքական հակառակորդների՝ Վիկտոր Յանուկովիչի և «Ռեգիոնների կուսակցության» իշխանության գալուց հետո։ Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ պարտականությունները չարաշահելու համար։